20/03/2020 21:03
Բանակում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել. զորակոչի հնարավոր հետաձգման դեպքում՝ հանրությունը կիրազեկվի. Սահակ Օհանյան
ՀՀ զինված ուժերում բժշկական ծառայությունն անցել է ուժեղացված աշխատանքի, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
Նա նշեց` զորամասերում արգելվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող բոլոր տեսակի արձակուրդները, միայն օրենքով սահմանված արձակուրդի տեսակն է թույլատրվում՝ մերձավորի թաղմանը կամ հարսանիքին մասնակցելու համար։
«Սա ևս խստացվել է, եթե նախկինում զինծառայողը մասնակցում էր նաև տատիկի կամ պապիկի, զարմիկի, ասենք, հարսանիքին, այսուհետ միայն քույր, եղբայր, հայր, մայր, այդ կոնտինգենտի տոնակատարությանը կամ թաղման արարողությանն են մասնակցում», - ասաց նա։
Սահակ Օհանյանի խոսքով՝ ներկա պահին ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել:
Aysor.am-ի հարցին՝ զորակոչը կհետաձգվի՞՝ Օհանյանը պատասխանեց, որ այդ մասով համապատասխան ղեկավարները որոշում կկայացնեն, երբ որ ժամանակը գա, հանրությանը կիրազեկեն։