20/03/2020 22:19
Այս ռեժիմը չպետք է դառնա մահանա տարատեսակ մամուլի միջոցներից տարատեսակ նյութեր հանելու համար․ Մարուքյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից արտակարգ դրության մասին խոսելիս հայտարարեց, որ սահմանափակումները վերաբերելու են միայն կորոնավիրուսին, և չեն առնչվելու քննադատությունների հետ, մինչդեռ պարետատունն այլ սահմանափակումներ է մտցնում, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այս օրերին մենք տեսնում ենք, որ պարետատունը սահմանափակումներ է մտցնում՝ խուճապը տարբեր ձևերով մեկնաբանելով։ Օրինակ, ասում են՝ այ ձեր գրառումը, մեկնաբանությունը խուճապ է հարուցում, ու պարտադրում են, որ մարդիկ հեռացնեն, հիմա տուգանելու են մարդկանց։ Այստեղ որոշակիության խնդիր ունենք։ Սա պրոբլեմ է։ Ես միանում եմ խմբագիրների այն հայտարարությանը, որ սա նաև ոչ իրավաչափ սահմանափակում է մտցնում գործունեության առումով։ Հիմա տուգանք են մտցնում։ Եթե պարետատունն այս ձևով է շարունակելու, սա շատ մտահոգիչ է», - ասաց նա։
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նկատեց, որ սահմանափակումները սահմանված են կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ այն տեղեկությունների վրա, բայց եթե կա տեղեկատվություն, որը համդրվելով կորոնավիրուսի դեպքերի հետ՝ խուճապ է առաջացնում, նման տեղեկատվության վրա պիտի արգելք լինի։
«Օրինակ, երբ հայտարարվում է, որ ՀՀ-ում պարենը բավարար չէ և կարող է մի քանի օրից սով սկսել», - ասաց նա։
Մարուքյանը նշեց, որ հստակ ասվել է՝ սահմանափակումները պետք է վերաբերվեն կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվությանը՝ նկատելով, որ օրեր առաջ պարետատան պահանջով հայկական մամուլից հանվել էր դերասանի հայտարարությունն այն մասին, որ նա, հավանաբար, կորոնավիրուսով է վարակվել Կանադայի առաջին տիկնոջից։
«Այս ռեժիմը չպետք է բանեցվի և դառնա մահանա տարատեսակ մամուլի միջոցներից տարատեսակ նյութեր հանելու համար։ Այն պետք է վերաբերվի միայն կորոնավիրուսի հետ կապված տեղեկատվությանը, ինչը, որ ճիշտն ասեմ, ամբողջ օրը նայում ենք ու չենք էլ նկատել», - ասաց նա։