20/03/2020 21:34
Արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրման կարգում կառավարությունը փոփոխություն արեց
ՀՀ կառավարությունը մարտի 19-ին ընդունել է որոշում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» 298-Ն որոշման հավելվածում կատարելով մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տրամադրմանը։
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»
N 298-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս նոր կորոնավիրուսային հիվանդության վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, առողջապահության բնագավառում լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և դրանց վերաբերող տվյալների, ինչպես նաև ակնհայտ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու իրական վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով»։
2) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում՝
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված և (կամ) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
Նշենք՝ մինչ փոփոխված որոշումը, լրատվամիջոցները չէին կարող կորոնավիրուսի վերաբերյալ միջազգային լրատվամիջոցներին, օտարերկրյա պաշտոնյաներին ու գերատեսչություններին հղում անելով տեղեկություններ հրապարակել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողական կազմակերպություններն Արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածումը կարգավորելու վերաբերյալ հայտարարություն էին տարածել՝ ընդգծելով, որ «որոշ դրույթների կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը»: