20/03/2020 21:57
Երբ ԶԼՄ-ն կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կարող են դիմել պարետին․ փոխնախարար
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից, թե հստակ ի՞նչ տեղեկատվութուն իրավունք ունեն լրատվամիջոցները տարածել, ի՞նչ տեղեկտավություն՝ ոչ։
Ի պատասխան փոխնախարարը նկատեց, որ սահմանափակումները վերաբերում են կորոնավիրուսի առկա նոր դեպքերին, դրանց շրջանակներին և այն տեղեկություններին, որոնք կարող են խուճապ առաջացնել։
Միևնույն ժամանակ փոխնախարարն ասաց, որ չկա սպառիչ ցանկ, որը կբնութագրի խուճապ առաջացնող տեղեկատվությունները։
«Բոլոր այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ, կարող են դիմել պարետին և հասկանալ, թե առանձին տեղեկատվությունը կարո՞ղ է խուճապ առաջացնել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ խուճապը համընդհանուր հասկանալի հասկացություն է և մարդիկ կարող են ինքնուրույն գնահատել։ Օրինակ, եթե պաշտոնական տեղեկատվությունից զատ մահվան դեպքեր նշվեն, հասկանալի է, որ դրանք կարող են խուճապ առաջացնել», - ասաց փոխնախարարը։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն առաջարկում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով տուգանք։