21/03/2020 10:19
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ հետաձգվել է. պատճառը կորոնավիրուսը չէ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կապանում կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ տարվա առաջին կեսին պաշտոնական այց կունենա Ռուսաստանի Դաշնություն. այցը սպասվում էր ապրիլ-մայիս ամիսներին, որը կլիներ նրա առաջին պաշտոնական այցը` 2 տարվա պաշտոնավարման ընթացքում:
Ի դեպ, առաջին կիսամյակի ընթացքում սպասվում էր նաև հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև Վ. Մատվիենկոյի այցը Հայաստան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ բոլոր այցերն ու հանդիպումները հետաձգվել են առնվազն մինչև աշուն: Ընդ որում, հետաձգման պատճառը ոչ թե այսօրվա` կորոնավիրուսի հետ կապված վիճակն է, այցերը չեղարկվել են ավելի վաղ` «կապված գեոքաղաքական ինչ-ինչ խնդիրների հետ», - ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:
Ի դեպ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ նիստը հետաձգվել է, սակայն դա չի եղել կորոնավիրուսից առաջ, այլ` ուրիշ պատճառով, և ոչ մինչև աշուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: