21/03/2020 19:16
Լարսի անցակետում օրեր շարունակ գտնվող 140 ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան. Տիգրան Ավինյան
Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով, հայտնել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի և ՌԴ իշխանություններին, Վրաստանում ՀՀ դեսպանին և Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսին:
Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիներն, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք:
Նման իրավիճակներից խուսափելու համար ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում օգտվել բացառապես օդային ճանապարհից», - նշել է Ավինյանը: