21/03/2020 09:45
«Հրապարակ». Արցախը ևս ապրում է արտակարգ ռեժիմով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախում մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները՝ նախագահի և խորհրդարանի, մազից են կախված: Նախագահի որոշ թեկնածուներ կոչ են անում Արցախում ևս արտակարգ դրություն հայտարարել, այդ դեպքում ընտրությունները չեն կայանա: Մասնավորապես, Վիտալի Բալասանյանն այդ հարցով դեռևս կիրակի օրն է դիմել նախագահ Բակո Սահակյանին, նրա կարծիքով՝ այսօր քաղաքական և գոյատևման հարց է դրված, ուստի ընտրություն պետք է անել հօգուտ վերջինի:
Կհայտարարվի՞ Արցախում արտակարգ դրություն, երեկ մեր հարցին ի պատասխան, Արցախի իշխանական վերին օղակներից մեզ վստահեցրին, որ այս պահին չկա անհրաժեշտություն, քանզի թեպետ հայտարարված չէ, բայց Արցախն ապրում է արտակարգ ռեժիմով։
«Գրեթե բոլոր միջոցառումներն իրականացվում են: Հայաստանի հետ 4 անցակետերում հատուկ միջոցառումներ են, ըստ էության, ելումուտը սահմանափակվել է: Օտարերկրյա քաղաքացիների մուտքն առհասարակ սահմանափակված է, կարող է բացառություն լինել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և դիտորդական առաքելությունների համար: Պետական հիմնարկներն ու մասնավոր կազմակերպություններն իրենց աշխատակիցների մի մասին ուղարկել են տները՝ ինքնամեկուսացման», - նշեց մեր աղբյուրը: Թե ինչ կլինի վաղը, մյուս օրն՝ անհայտ է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: