23/03/2020 11:30
Արտակարգ դրության ժամանակ մեկ օրվա ընթացքում համապատասխան հրապարակումը չհեռացնելու համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով․ առաջարկ
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՀՀ քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։
Հարցով հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում ԶԼՄ հասկացությունը փոխարինվել է «Լրատվական գործունեություն իրականացնողներ» բառերով, որն ավելի ընդգրկուն է։
«Կառավարութունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, կարող ենք արձանագրել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ապագային միտված կլինի կամ այլ իրավիճակներում, այնուամենայնիվ, այս փոփոխությունն անհրաժեշտ էր իրականացնել», - ասաց նա։
Նախարարը նշեց, որ սահմանված տույժին ենթարկվելուց հետո, եթե մեկ օրվա ընթացքում լրատվամիջոցը չի հեռացնում համապատասխան հրապարակումը, ապա սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով։
Նիստից առաջ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելուց նշվել էր, որ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելու համար առաջարկվում է կիրառել սանկցիա՝ տուգանք նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով։