23/03/2020 10:23
#AraratChallenge շարժման հանգանակությունները կուղղվեն առաջնագծում պայքարող բժիշկների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք Հայաստանի հիվանդանոցներին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների եւ աջակիցների անունից ցանկանում ենք հաստատել, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) բռնկման ու տարածման ընթացքում ամբողջապես մտադիր ենք շարունակելու մեր ջանքերը՝ օգնելու ամենակարիքավորներին՝ միաժամանակ աջակցելով Հայաստանում առաջնագծում պայքարող առողջապահության ոլորտի մասնագետներին:
«Ավրորայի» առաքելության առանցքային գաղափարը կյանք եւ հույս պարգեւելն է նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն աշխարհի որեւէ անկյունում: Այդ գաղափարն ավելի քան պատեհ է հատկապես 2020 թ. մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ը պանդեմիա համարելուց հետո: Եվ այսօր ավելի, քան երբեւէ մենք հաստատակամ ենք օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր այլապես կարող էին անտեսված լինել կամ ամբողջովին լքված:
Այս պանդեմիան փոխել է համաշխարհային օրակարգը: Մինչ աշխարհն ուժերը կենտրոնացրել է պատվաստանյութ արտադրելու եւ վնասը նվազագույնի հասցնելու վրա, փախստականներն ու խոցելի մյուս համայնքները, որոնց անվերապահորեն աջակցում է «Ավրորան», շարունակում են տառապել եւ COVID-19 վիրուսի պատճառով բախվել լրացուցիչ այլ դժվարությունների: Մեզ համար կարեւոր է տեսադաշտից դուրս չթողնել նրանց խնդիրները:
«Ավրորան» շարունակելու է երկրորդ հնարավորություն ընձեռել նրանց, ովքեր արդեն իսկ բավական փորձությունների միջով են անցել: Միեւնույն ժամանակ, «Ավրորան» իր նպաստը կբերի համաճարակի դեմ պայքարին Հայաստանում՝ #AraratChallenge շարժման հանգանակությամբ հիվանդանոցներին տրամադրելով թոքերի արհեստական շնչառության տասը սարք:
Իբրեւ համաշխարհային շարժում՝ մարդկանց անվտանգությունն ու առողջությունը մեզ համար ծայրաստիճան լուրջ հարց է: Այս դժվարին ու անորոշ ժամանակներում մեկ բան պարզ է. յուրաքանչյուր օր աշխարհում ավելի ու ավելի շատ մարդ է օգնության կարիք ունենալու, եւ այդ օգնության տրամադրումը մեր պարտականությունն ու պատասխանատվությունն է։
Մարտահրավերը նետված է ամբողջ մարդկությանը, եւ մենք բոլորիդ կոչ ենք անում միանալ «Ավրորայի»՝ այն հաղթահարելու ջանքերին: