23/03/2020 15:42
Ժամը 21։00-ից սկսած՝ Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։
Վրացական կողմի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։
Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։