Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում միաձայն ընդունեց ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Փաստաթուղթը ուղարկվել է նախագահին, որը պետք է այն ստորագրի։
Եթե մեկ օրվա ընթացքում լրատվական գործունեություն իրականացնողը չի հեռացնում հրապարակումը, որի տարածումը արգելված է արտակարգ դրության պայմաններում, ապա սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (500 000 – 1 000 000 դրամ)։
Կառավարությունը, սակայն, այժմ քննարկում է արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումներ ընդհանրապես չկիրառելու հարցը:
Բացի այդ, արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով (300-500 հազար դրամ) կամ կալանքով առվելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա։
Նախագծով անձի կյանքի համար վտանգավոր վարակով վարակելը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 400-800-ապատիկի չափով (400-800 հազար դրամ), կամ կալանքով առավելագունը 1 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առվելագունը 1 տարի ժամկետով։
Նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ անչափահասի, հղի կնոջ նկատմամբ պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի 800-1000-ապատիկի չափով (800 հազար – 1 մլն դրամ), կամ կալանքով 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ 1-3 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը հանգեցրել է մարդու մահ, պատժվում է 3-5 տարի կալանքով։
Օրենքն ընդունվեց 117 կողմ, դեմ 0, ձեռնպահ 0 ձայներով: