23/03/2020 16:34
Մի «Ապրիլյան պատերազմ» էլ սա է. Էրիկ Օհանյանը կոչ է անում աջակցել կորոնավիրուսի կանխարգելման պայքարին
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հաստատված Արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված գրեթե բոլոր հաստատություններում գործունեությունը կանգ է առել: Սակայն նրանք, ովքեր հնարավորություն ունեն իրենց առօրյան, գործունեությունն ու դասընթացները կազմակերպել օնլայն ռեժիմով՝ շարունակում են բազմազբաղ մնալ՝ մեկտեղելով հանգիստն ու օգտակարը:
«Armenian Power» ակումբի հիմնադիր, արևելյան մարտարվեստների վարպետ, մարզիչ Էրիկ Օհանյանն Aysor.am-ի հետ զրույցում նկատեց՝ իր սաներն արդեն մի քանի օր է՝ տանն են մարզվում, ինքն էլ «Viber»-ի միջոցով հետևում է, որ ամեն ինչ ճիշտ լինի, սաներն էլ չծուլանան: Նույնիսկ հատուկ մոտեցում է մշակել՝ լավագույններն ու, այսպես ասած, ծույլերը գնահատվում են, ու հետագայում արժանանալու են համապատասխանաբար՝ լավ ու վատ անակնկալի:
«Սաներս հիմնականում սիրողական մարզումների մեջ են, 5-տարեկանից սկսած՝ գալիս են ու մարզվում: Մեր ակումբն արդեն 80-100 սան ունի, որոնք մարզվում են Օլիմպավան սպորտհամալիրում: Արդեն 10 օրից ավելի է՝ տնից ենք մարզվում: Մարզումները կազմակեպում եմ հետևյալ կերպ. տարիքային տարբեր խմբակներով ստեղծել ենք «Viber-խմբեր»: Ես մեր տանը`երեխաներիս հետ մարզվելիս նկարում եմ, դնում համապատասխան խմբում, սաներս նույնությամբ կատարում են վարժությունները: Դրա համար նրանք գնահատվում են: Կան վարժությունները չանողներ, ովքեր էլ իրենց գնահատականն են ստանում: Դրական գնահատական հավաքողները դրական անակնկալներ կունենան, բացասականները՝ բացասական… Ճիշտ է՝ շատերը սա մանկական խաղի են նմանեցնում, բայց իմ նպատակն է, որ սաներս ամուր, կոփված ու առողջ լինեն», - նշեց մեր զրույցակիցը:
Մարզումներ անցկացնում են օրը երեք անգամ՝ արթնանալուց կես ժամ անց, կեսօրին և երեկոյան: Ինչպես Էրիկն է ասում՝ ամեն հաց ուտելուց առաջ սնում են մկաններն ու հետո նստում սեղանի շուրջ: Մարզիչը մի քանի տարբերակով էլ մեզ հետ կիսվեց:
«Տնից մարզվելը երբեք վնաս չէ: Եթե տնային աշխատանք չկատարես, մարզումներն ավելի ուշ կսովորես, իսկ եթե տանը ժամանակ ես գտնում և մարզումներով «սնում» ես մարմինդ, ֆիզիկականդ շատ շուտ ես կարգավորում… Կոչ եմ անում բոլորին տանը հետևյալ վարժություններն անել.
1. Գետնին «ժիմ»` օրվա ընթացքում 100 հատ
2. Պրես՝ օրվա ընթացքում 100 հատ
3. Կքանիստ ծնկով հարված՝ օրվա ընթացքում 100 հատ
Շաբաթվա մեջ 3 օր իրար հետևից մարզվեք, երկու օր՝ հանգստացեք: Մկանն աճում է հանգստի ժամանակ: Արդյունքը կտեսնեք շատ շուտ, երկու ամիս անց տնից դուրս կգանք ամուր ֆիզիկական տվյալներով», - վստահեցրեց նա:
Ինչ վերբերում է կորոնավիրուսից պաշտպանվելուն՝ Էրիկ Օհանյանը հետևում է պաշտոնական բոլոր հրահանգներին. անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալուց երբեք չի մոռանում ձեռնոցներն, առավել ուշադիր հետևում է հիգիենայի բոլոր կանոններին:
Արևելյան մարտարվեստի վարպետը միացել է նաև կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ֆինանսական աջակցությանը: Նա էլ իր հերթին կոչ է անում մյուսներին՝ այս արհավիրքի պահին, որն, իր խոսքով, մի նոր «Ապրիլյան պատերազմ» է՝ կողք-կողքի կանգնել, համախմբվել ու թեկուզ յուրաքանչյուրը 1000 դրամով աջակցել հիվանդության հաղթահարմանը: