24/03/2020 19:10
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասավ 249-ի. հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը հասել է 249-ի, ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Այսօր՝ ժամը 18։30-ի դրությամբ, իրավիճակը հետևյալն է՝ ունենք հաստատված 249 պացիենտ, որոնց մեծ մասը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում է, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ հիվանցներից 30-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ: Նրանցից մեկի՝ 77-ամյա քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր.
«Եվս 4 պացիենտի վիճակը բժիշկները ծանր են գնահատում», - ասաց ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հիվանդների մի մասը, սակայն, այս պահին նույնիսկ ջերմություն չունի, ինչը հույս է ներշնչում, որ շատերը կբուժվեն առանց որևէ բժշկական միջամտության.
«Այս պահին նրանց՝ հիվանդանոցում գտնվելու հիմնական իմաստն այն է, որ չվարակեն ուրիշ քաղաքացիների», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ վարակվածների շրջանում 65 տարեկանից բարձր 11 անձ կա, 70-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր պացիենտ չկա։
Վարչապետի խոսքով՝ այս պահի դրությամբ կա 868 մեկուսացված անձ: Ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում։