24/03/2020 17:01
Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է շարժական սպասարկման կենտրոններ Երևանում, մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն
Բաժանորդների սպասարկման անընդհատությունն ապահովելու, ինչպես նաև բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Վիվա-ՄՏՍ-ը Երևանում սկսել է իրականացնել բաժանորդների սպասարկում՝ սպասարկման շարժական կենտրոններից:
Հայաստանի խոշոր 7 համայնքներում՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ, նույնպես գործում են սպասարկման կենտրոններ: Այս և այլ նորությունների մասին տեղեկանում ենք Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղիղ եթերից՝ ընկերության ֆեյսբուքյան էջում:
Երևանի տարածքում կգործի անիվների վրա տեղակայված 3 կենտրոն: Շարժական կենտրոնները կազմակերպվել են հատուկ կահավորված և Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրա: Անիվների վրա գործող այս կենտրոններում հասանելի է ապրանքատեսակների և ծառայությունների մեծ մասը, ներառյալ՝ սարքերի ու SIM քարտի վաճառք: Ծառայությունները կներկայացվեն և գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակիցանմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով:
Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային սարքերի ապառիկ վաճառքը:
Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութից սարք պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-իառցանց խանութ, ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանց խանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով:
Այնուհետև հաճախորդի հետ կապ կհաստատվի և նրան կուղղորդեն դեպի շարժական սպասարկման կենտրոններից որևիցե մեկն՝ ըստ իր հարմարության, կամ՝ այն վայրը, ուր ժամանելու է օրեր առաջ գործարկված սպասարկման շրջիկ կենտրոնը՝ սարքն, ինչպես նաև ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար:
Շարժական կենտրոնները հագեցած են տեղեկատվական հանգույցներով, ինչը թույլ է տալիս մշտական կապ պահպանել գլխամասային գրասենյակի հետ՝ իրական ժամանակում գործարքներ իրականացնելու և ծառայություններ ակտիվացնելու համար:
Կարևոր. հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:
Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներն ընդգրկվել են աշխատանքներում իրենց ցանկությամբ:
Երևանում գործող՝ վերը նշված սպասարկման շարժական կենտրոնները տեղակայված են ներկայում չգործող սպասարկման կենտրոնների հարևանությամբ՝ հետևյալ հասցեներում.
Ամիրյան 3 (Կենտրոն վարչական շրջան)
Ազատության պողոտա 24/4 (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)
Բագրատունյաց 14/67 (Շենգավիթ վարչական շրջան)
Մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ համայնքներում:
Երևանում գործող սպասարկման շարժական ու մարզերի սպասարկման կենտրոնների աշխատանքային ժամերն են11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):
Հո՛գ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները: