24/03/2020 17:11
Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ. պատգամավոր
Անվտանգությունը զիջման ենթակա լինել չի կարող, ԱԺ նիստի ընթացքում այսօր ասաց «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության թեմային:
Նրա խոսքով՝ ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պատրաստակամությանը:
«Սակայն առանց Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի և լիարժեք եռաչափ ֆորմատի վերականգնման, էական առաջընթաց հնարավոր չէ արձանագրել», - հիշեցրեց պատգամավորը:
Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ այս օրերին լրանում է Շուշիի կոտորածի 100-րդ տարելիցը:
«Եթե չլիներ Արցախի գոյամարտը, ապա արցախահայությունը չէր խուսափի բնաջնջումից: Դրա մասին են փաստում ոչ միայն ատելության խոսքը և պատերազմի սպառնալիքներն, այլև 2016 թվականի ապրիլին Թալիշում խաղաղ բնակիչների հանդեպ Ադրբեջանի գործած վայրագությունները, հայ սպային կացնահարելու ողբերգական դեպքը», - ասաց պատգամավորը: