24/03/2020 10:08
«Իրատես». Վերջապես կողմնորոշվեք` որտե՞ղ ենք հիմա մենք, ու՞ր եք մեզ տանում
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ առանց դիմակի ու առանց ձեռնոցի Աննա Հակոբյանը դիմակ ու ձեռնոց կրելու վերաբերյալ բուկլետներ է բաժանել քաղաքացիներին, դրա հետ մեկտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավաքել է ու իր այս «աշխարհացունց» կամավորական աշխատանքի մասին հայտնել: «Որոշեցի կամավոր գրվել և իմ լուման ներդնել, օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Նախարարությունից հայտնեցին, որ մեծ թվով կամավորներ կան և փորձեցին հեռու պահել ինձ՝ մտածելով, գուցե չարժե, սակայն մենք պնդեցինք, որ այդպես հնարավոր չէ, ես պետք է անպայման ինչ-որ բանով օգտակար լինեմ», - հայտարարել է վարչապետի տիկինը: Այստեղ են ասել, որ չխանգարես, հաստատ չես օգնի:
Առողջապահության նախարարությունից կամավորներին չե՞ն տեղեկացրել, թե ինչպես պետք է բուկլետները բաժանել, թե՞ գոյություն ունեն «էլիտար ու արտոնյալ» կամավորներ, որոնք մարդկանց կարող են կանխարգելիչ աշխատանքների մասին բացատրող թերթիկներ բաժանել` առողջապահական տարրական կանոները չպահպանելով: Առողջապահության նախարարությունում տեսե՞լ են Աննա Հակոբյանի կամավորական աշխատանքի տեսագրությունները, ի՞նչ կարծիքի են:
Բայց երևում է Աննա Հակոբյանը երեկ ոչ միայն նոր առողջապահական «կանոններ» էր թելադրում, այլև լրիվ անծանոթ պատմության էջ էր բացում: «Մեր կյանքը 360 աստիճանով շրջված է: Մեր կյանքի բնականոն ընթացքը գոյություն չունի այլևս: Բոլոր այդ հարցադրումները կարծես նախորդ կյանքից լինեն: Մինիմալ հոգեբանական տրավմաներով պետք է մեր ժողովուրդը դուրս գա այս իրավիճակից: Դրան են միտված նաեւ այդ սահմանափակումները: Մենք հիմա ինչ-որ միջանկյալ տարածությունում ենք և գնում ենք դեպի ապագան: Վտանգներ չեմ տեսնում և հույս ունեմ, որ բոլորը ըմբռնումներով կմոտենան այդ հարցերին»,- անդրադառնալով լրատվամիջոցների խոսքի սահմանափակումներին, ասել է վարչապետի տիկինը:
Ի՞նչ ասել է` 360 աստիճան շրջվել, այսինքն էլի վերադարձել ենք նույն կետի՞ն, գուցե տիկին Հակոբյանը նկատի է ունեցել 180 աստիճա՞նը: Իսկ եթե ոչ, հարց է ծագում, ինչու՞ են մարդն ու կինն այսքան տարբեր միջավայրերում ապրում: Փաշինյանն ասում է, թե անորոշ աշխարհում ենք, ամեն ինչ նոր է, կինն էլ, թե` վերադարձել ենք նույն կետին: Վերջապես կողմնորոշվեք` որտե՞ղ ենք հիմա մենք, ու՞ր եք մեզ տանում»: