24/03/2020 11:24
Մադրիդի Սառցե պալատը դիահերձարանի կվերածվի
COVID-19 կորոնավիրուսից Մադրիդում մահացածների մարմինները պահելու են Սառցե պալատի շինության սահադաշտում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Այս պահի դրությամբ՝ Մադրիդում կորոնավիրուսով վարակը խլել է 1263 մարդու կյանք՝ երկրում մահացածների ընդհանուր թվի ավելի քան կեսը։ Միայն վերջին օրում մայրաքաղաքի շրջանում 242 մահ է գրանցվել։
Շրջանային իշխանությունները ցանկանում են որպես դիահերձարան օգտագործել Սառցե պալատը, որտեղ տեղակայված է 1800 ք/մ տարածքով մեծ սահադաշտ, հայտնում է Español-ը։
Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես Ալմեյդան երկուշաբթի Իսպանիայի կառավարությանը ծանուցել է այն մասին, որ Մադրիդի թաղման բյուրոները չեն կարողանա հետագայում հաղթահարել իրավիճակը, դիահերձարանի աշխատակիցները չունեն պաշտպանական համազգեստներ, որպեսզի աշխատեն COVID-19-ով վարակված մարմինների հետ։
Առողջապահության նախարարությանն ուղղված նամակում Ալմեյդան նշել է, որ թաղման բյուրոների աշխատակիցները կդադարեցնեն ծառայություններ մատուցել, քանի որ մնացել են առանց պաշտպանիչ նյութերի բավարար քանակի։
Թաղման բյուրոները կշարունակեն զբաղվել այն մարդկանց մարմիններով, որոնք մահացել են այլ պատճառներով։
Որպես ճգնաժամից ժամանակավոր ելք, կծառայի Սառցե պալատը, որտեղ մարմինները կտանեն արտակարգ իրավիճակների ստորաբաժանման զինվորականները, հայտնում է El País-ը՝ հղում անելով պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Սառցե պալատը գտնվում է Ifema ցուցահանդեսային համալիրից ոչ հեռու, որը հոսպիտալի է վերածվել COVID-19-ով վարակվածների համար, քանի որ հիվանդանոցներում տեղերն այլևս չեն բավարարում։