24/03/2020 10:30
Եթե մենք լուրջ չենք վերաբերվում, ոչ ոք այս երկրում լուրջ չի վերաբերվելու․ Մարուքյանն առաջարկում է միչև խստացված ռեժիմի ավարտը ԱԺ նիստեր չգումարել
ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է միչև խստացված ռեժիմի ավարտը ԱԺ նիստեր չգումարել։
«Ես կարծում եմ, որ մենք, ԱԺ նիստը գումարելով հիմա, 130 հոգով հավաքվելով և մեր աշխատակիցներին աշխատանքի հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո։ Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, և ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, ովքեր անընդհատ կապի մեջ կլինեն։ Հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը և այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել ևս, որ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է ատակարգ դրության հետ», - ասաց Մարուքյանը քառօրյայի մեկնարկին։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա։
«Ես կարծում եմ՝ այնուամենայնիվ կյանքը շարունակվում է, և օրինակ ծառայելու համար մենք պետք է ոչ թե նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքները», - ասաց Միրզոյանը՝ նշելով, որ հստակ չէ, թե որքան կտևի արտակարգ դրությունը, հետևաբար այդ ռեժիմով չեն կարող մի տարի մնալ։
Մարուքյանն ընդգծեց, որ թեև արտակարգ դրություն է հայտարարված, բայց փողոցներում բազմաթիվ մարդիկ կան, դրա համար էլ վարակակիրների թիվը ավելանում է։
«Ավելանում է, որովհետև մենք էս ձևով ենք վերաբերվում ամեն ինչին։ Մի երկրի օրինակ եմ ուզում պատմել․ թիվ 31-րդ վարակակիրը գնում է ծնունդի, որից հետո երկրի բնակչության վարակակիրների 60 տոկոսի վարակողն է դառնում։ Մենք պատգամավորներ ունենք Ֆրանսիայից ու այլ երկրներից եկել են, 14 օր չեն էլ ինքնամեկուսացվել, հազար ու մի բան կա, եթե մենք լուրջ չենք վերաբերվում, ոչ ոք այս երկրում լուրջ չի վերաբերվելու։ Ասում են՝ «ա, սուտ բան ա այս ախպեր, լուրջ բան չկա» ու օրեցօր 30-40 դեպք ավելանում է», - ասաց Մարուքյանը՝ կոչ անելով 20 րոպե ընդմիջում վերցնել և խմբակցություններով քննարկել հարցը։