24/03/2020 00:16
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 235-ի. կարանտինային միջոցառումները կխստացվեն. վարչապետ (Տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 235-ի, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց՝ այսօր մտահոգիչ տվյալներ են ստացել, ըստ որոնց՝ դեպքերի թիվն ավելացել է 41-ով: Հիվանդներից 26-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
Վարչապետի խոսքով՝ ընդլայնվել է նաև դեպքերի աշխարհագրությունը:
Կորոնավիրուսով վարակված անձինք են հայտնաբերվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Կոտայքի մարզում գործող արտադրական ձեռնարկություններում:
Սա հաշվի առնելով՝ որոշում է կայացվել Հայաստանում խստացնել կարանտինային միջոցառումները:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսուհետ արգելվելու է բոլոր տեսակի ռեստորանների, սրճարանների գործունեությունը:
Անդրադառնալով մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին՝ վարչապետն ասաց, որ վաղը 2 շաբաթ մեկուսացման մեջ գտնվելուց հետո ավելի քան 70 քաղաքացի կրկին թեստավորվելու է ու նրանց թեստավորման հետ կապված լավ ակնկալիքներ ունեն:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ նոր դեպքերի ի հայտ գալու հետ մեկտեղ անհրաժեշտ են ռեսուրսներ նոր վարակված անձանց շփման շրջանակը պարզելու համար։
Վերջինս կոչ արեց քաղաքացիներին սահմանափակել տեղաշարժը վարակման նոր դեպքերից խուսափելու համար․
«Ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին հնարավորինս շատ մնալ տանը», - նշեց նա։