24/03/2020 15:52
Անվճար դիմակներ՝ պոզիտիվ տրամադրություն ապահովող գույներով. Դիզայներ Գեղամ Շերոյանն ու երգչուհի Սոնա Շահգելդյանը հանդես են գալիս բարեգործական նախաձեռնությամբ
Դիզայներ Գեղամ Շերոյանի մտահղացմամբ ու նախաձեռնությամբ արդեն մեկ շաբաթ է՝ դիմակներ են պատրաստվում ու անվճար բաժանվում հանրությանը: Այս օրերին ահագնացող վտանգի՝ կորոնավիրուսի կանխարգելմանը միտված այս նախաձեռնությանը միացել են նաև երգչուհի Սոնա Շահգելյանն ու դիզայներ-մոդելավորող Կարինե Խաչատրյանը: Այս ընթացքում արդեն 4500 դիմակ է կարվել ու բաժանվել: Ի դեպ, դիզայներն ուշադրություն է դարձրել ոչ միայն պաշտպանողական կողմին, այլև, մասնագիտությանը համաձայն, դիզայնին:
«Մտահղացումն իմն էր, որոշեցի գոնե այսպես օգնել մարդկանց: Այս մասին հայտնեցի Սոնա Շահգելդյանին, ով նույնպես սիրով իր փոքրիկ լուման ներդրեց այս գործում: Սովորաբար, ես համագործակցում եմ դիզայներ-մոդելավորող Կարինե Խաչատրյանի հետ, այս անգամ էլ իրեն դիմեցի իմ մտահղացմամբ: Համաձայնվեց… Ու արդեն 4500 դիմակներ ենք բաժանել տարբեր ընտանիքների, բուժհաստատությունների, նույնիսկ զորամաս ենք ուղարկել: Նաև ասեմ, որ դիմակները տարբեր գույների են, բացի սևից՝ ամեն գույնի դիմակ կարում ենք: Ուզում եմ այսկերպ նաև պոզիտիվ տրամադրություն փոխանցել», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Գեղամ Շերոյանը:
Երգչուհի Սոնա Շահգելդյանն էլ ընդգծեց, որ նման ակցիաներին մասնակցելն իր համար սովորական վարքագիծ է, ինքը միշտ է կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր աջակցության կարիք են ունեցել:
«Շատերի նման փողերս չեմ պահում, օգնում եմ՝ ինչով կարողանում եմ: Դրանից ես ինձ շատ լավ եմ զգում: Այսօր մարդիկ շատ են չարացել, Աստված դա տեսնում է: Սա էլ մի նշան է, որ մարդիկ սթափվեն, մաքրվեն: Աղոթում եմ, որ մինչև Սուրբ Զատիկ այս մղձավանջն ավարտվի», - նշեց երգչուհին:
Վերջինս շեշտեց՝ իրենց պատրաստած դիմակները համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին, կարվում են դիմակի համար նախատեսված հատուկ պաշտպանողական կտորից:
«Գեղամն ու Կարինեն իրենց արտելում են կարում այդ դիմակները՝ հմուտ ու հրաշալի դերձակների հետ միասին: Այստեղ կարևորը բիզնեսը չէ, այլ՝ մարդասիրությունը: Փառք Աստծո, իմ ընկերները՝ Գեղամն ու Կարինեն ազնիվ մարդիկ են, ու իրենց համար էլ առաջնահերթը ոչ թե գումարն է, այլ՝ մարդը: Եվ ասեմ, որ սա ահռելի գումարի հետ կապված աշխատանք չի, այստեղ կարևորն ավելի շատ ցանկությունն է», - շեշտեց նա:
Այս ընթացում երգչուհին բազմաթիվ հրավերներ է մերժել, հետաձգել է իր մասնագիտական գործունեությունը: Նկատում է՝ ինքը կարևորում է իր ընտանիքի, հայ ազգի, բոլոր մարդկանց առողջությունն, իսկ գործերը թող սպասեն:
«Ճիշտ է՝ այս մեկ ամիսը գումարային առումով շատերի համար դժվար կլինի, բայց փողն ամենակարևորը չի այս կյանքում: Հուսով եմ՝ այս ամենից հետո մարդիկ միմյանց էլ ավելի շատ կգնահատեն, կսիրեն», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Սոնա Շահգելդյանը:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել այս անվճար դիմակներից, կարող են դիմել Հալաբյան 35 հասցե, կամ զանգահարել անձամբ Գեղամ Շերոյանին՝ 041 50 52 58 հեռախոսահամարով: