24/03/2020 19:23
Կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել Երևանում և 7 մարզերում. Երևանի արտադրամասի վարակման ճյուղն անվերահսկելի զարգացում է ունեցել
Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել են Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում, ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է։ Կորոնավիրուսի տարածման 3 զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ մարտի 23-ի հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ չի հաջողվել կանխել ճյուղերից մեկի՝ Երևանի արտադրամասի ճյուղի զարգացումը.
«Պայքարում էինք Երևանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար։ Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երևանի արտադրամասի ճյուղը, հնարավոր է, մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում: Սա մեզ հանգեցերեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք»։
Փաշինյանը նշեց, որ այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը, մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը։