24/03/2020 21:04
Ներկայացվել է ձևաթուղթը, որի առկայության դեպքում միայն քաղաքացիները կարող են տանից դուրս գալ
Մարտի 24-ին՝ ժամը 23։59-ից ՀՀ ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը։
«Սահմանվել են համապատասխան կանոններ և փաստաթղթավորում՝ տանից դուրս գալու վերաբերյալ։ Համապատասխան ձևաթուղթ կա՝ արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ է կոչվում», - ներկայացրեց Սուրեն Քրմոյանը։
Յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալիս քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը՝ նշելով, թե երբ են դուրս գալիս տանից և երբ են վերադառնալու։
«Վաղը, պարետի հանձնարարությամբ, ոստիկանության ուժերն ամբողջ հանրապետության տարածքում իրականացնելու են հսկողություն։ Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանն իրավասու է մոտենալ և հարցնել նպատակը և ստուգել փաստաթղթերը՝ անձը հաստատող և տեղաշարժման համապատասխան թերթիկը։ Համապատասխան թերթիկը չլինելու դեպքում ոստիկանները կիրառելու են օրենքով սահմանված միջոցառումներ», - ասաց Քրմոյանը։
Ձևաթուղթը քաղաքացիները կարող են ձեռք բերել covid19gov.am կայքից։
«Ցանկացած թղթի վրա քաղաքացիները պետք է ֆիքսեն ամսաթիվը, տեղաշարժվող անձի անուն, ազգանուն, հայրանունը, ելքի ժամը, հասցեն, այցեության վայրի հասցեն և նպատակը, վերադարձի ժամը», - մանրամասնեց Սուրեն Քրմոյանը։