24/03/2020 20:02
Ինքնամեկուսանալու ժամանակը չափազանց հարմար է կարդալու, ծխելը թողնելու և ավելորդ քաշից ազատվելու համար. վարչապետ
Տանը մնալու, մեկուսանալու և ինքնամեկուսանալու ժամանակը չափազանց հարմար է կարդալու, մտածելու, մեր երազած ապագան պլանավորելու և այդ ապագան կյանքի կոչելու վճռականությամբ տոգորվելու համար, ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա ինքնահայեցման, վատ սովորություններից ազատվելու ամենահարմար ժամանակն է, որովհետև հենց նման պահերին ենք հասկանում՝ ինչքան խոցելի ենք, թե ինչպիսի մարտահրավերների առջև են մեզ կանգնեցնում անառողջ ապրելակերպը, անառողջ սննդակարգը, նստակյաց կյանքը, ավելորդ քաշը, ծխելը և ալկոհոլի չարաշահումը:
Կոչ եմ անում այս ժամակահատվածն օգտագործել ծխելը թողնելու, ավելորդ քաշից ազատվելու, թեթև սննդի կուլտուրա որդեգրելու համար: Կոչ եմ անում առավոտյան վազել, մարմնամարզություն կատարել և հեծանիվ վարել, իհարկե, բացառելով թիմային մարզումները և պահպանելով սոցիալական հեռավորությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև կոչ արեց մեկուսացման և ինքնամեկուսացման ժամանակահատվածում շատ կարդալ, մտածել ապագայի և անելիքների մասին: