24/03/2020 18:06
Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման և տեղեկության տարածման պահանջները խախտելու դեպքում տուգանելու մասին օրենքը մտավ ուժի մեջ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքները:
«Օրենքները նպատակաուղղված են բարձրացնելու արտակարգ դրության ընթացքում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետությունը: Կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտ են և պետք է անվերապահ և պատասխանատու ձևով կատարվեն յուրաքանչյուրի կողմից: Անհրաժեշտ է նաև բոլոր պատկան մարմինների, այդ թվում՝ իրավապահների կողմից օրենքների կիրառման ընթացքում բարձր պատասխանատվության դրսևորում: Մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները սահմանելիս, անգամ արտակարգ դրության պայմաններում, տարբեր առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց համար, ընտանեկան դժբախտությունների ժամանակ և այլ բացառիկ դեպքերում անհրաժեշտ է ցուցաբերել հոգատար վերաբերմունք և անհատական մոտեցում:
Կարևոր է նաև, օրենքով մամուլի համար սահմանվող սահմանափակումների հիմնավորված ու համաչափ կիրառումը», - ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում միաձայն ընդունեց ՀՀ Քրեական և Վարչական իրավախախտումների օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ և վերջնական ընթերցմամբ։
Կառավարությունը, սակայն, այժմ քննարկում է արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումներ ընդհանրապես չկիրառելու հարցը:
Նույն արարքը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի, հղի կնոջ նկատմամբ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 800-1000-ապատիկի չափով (800 հազար – 1 մլն դրամ), կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով։ Նույն արարքը, որը հանգեցրել է մարդու մահվան, պատժվում է 3-5 տարի կալանքով։