25/03/2020 15:48
«Կարճ ժամանակում անհրաժեշտ է կնքել խաղաղության պայմանագիր». Վիտալի Բալասանյանի մեսիջը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (Տեսանյութ)
Խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է մինչև հարցի քաղաքական լուծումը։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն՝ անդրադառնալով հարցին՝ որպես նախագահի թեկնածու արցախյան հարցի կարգավորման հետ կապված ո՞րն է այս պահին իր մեսիջն ուղղված միջազգային հանրությանն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին։
«Շատ կարճ ժամանակում անհրաժեշտ է, որպեսզի կնքվի խաղաղության պայմանագիր։ Ես բազմաթիվ անգամներ, երբ որ Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ տարբեր ֆորմատներով այդ հարցը բարձրաձայն առաջարկել եմ: Պետք է կնքվի խաղաղության պայմանագիր մինչև հարցի քաղաքական լուծումը։ Սա առաջին կարևոր հարցն է, քանի որ որևէ հարց չի լուծվելու, որքան էլ բանակցություններ լինեն, մինչև որ փոխհրաձգությունները չհավասարեցվեն զրոյական մակարդակի, բացառված է, որ կարողանան կլոր սեղանի շուրջ խոսեն ղարաբաղա-ադրբեջանական հարցի մասով», - ասել է Վիտալի Բալասանյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Հայաստանի բոլոր ղեկավարներն Արցախի իշխանությունների հետ անկեղծ են եղել բանակցային գործընթացի մասով, Վիտալի Բալասնյանը նշել է՝ հատկապես Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների մասով կարող է փաստել, որ նրանք անկեղծ են եղել։
«Բանակցություններից, յուրաքանչյուր հանդիպումից առաջ հանդիպել ու տեղյակ են պահել Արցախի Հանրապետության նախագահներ թե՛ Արկադի Ղուկասյանին, թե՛ Բակո Սահակյանին, այնուհետև հանդիպումներ են կազմակերպել Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ, քննարկել են այն հարցերն, ինչի մասին պետք է խոսեն։ Իսկ թե կուլիսներում ինչի մասին է խոսք եղել, ես դա չեմ կարող ասել։ Այն տեղեկությունների մասով, որոնք պաշտոնական են եղել, երկրորդ և երրորդ նախագահները եղել են անկեղծ», - նշել է Վիտալի Բալասանյանը։