25/03/2020 19:48
Արցախում կձևավորվի աշխատանքային խումբ՝ գնահատելու հնարավոր տնտեսական ռիսկերը
Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 25-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված նոր կորոնավիրուսի պատճառով տնտեսական հնարավոր խնդիրների վերհանմանն ու համապատասխան գործողությունների նախանշմանը:
Տնտեսվարողներին աջակցելու և բնակչությանն այլ ռիսկերից հնարավորինս զերծ պահելու նպատակներից ելնելով՝ Գրիգորի Մարտիրոսյանն անհրաժեշտ է համարել հստակեցնել գործողությունների ուղղությունները, իրականացվելիք միջոցառումներն ու կիրառվող գործիքները:
«Հատկապես կարևորում եմ գլոբալ սպառնալիքից բխող ռիսկերը բիզնեսի համար նվազագույնի հասցնելուն ուղղված պետական աջակցության արդյունավետ գործիքների քննարկումը՝ ինչը հանդիսանում է նաև Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականը», - նշել է պետական նախարարը:
Պետական նախարարն, ըստ ոլորտների, լսել է շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների առաջարկություններն ու իրականացվող աշխատանքների մասին տեղեկատվությունը:
Խորհրդակցության ավարտին Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ՝ հնարավոր տնտեսական ռիսկերը նախանշելու և ըստ ազդեցության հավանական ուժի` կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածներում և առաջնահերթություններից ելնելով` հստակեցնելու դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները: