25/03/2020 18:09
Բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ կան և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում. Տիգրան Ավինյան
Այս պահի դրությամբ ունենք բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Բագրատաշենում հիմնականում խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, և այդ հատվածում թողունակությունը բավականին դանդաղ է: Թողունակության հետ կապված խնդիր ունենք նաև Լարսում», - ասաց բանախոսը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ ՀՀ և Վրաստանի վարչապետների միջև այսօր նախատեսված է հեռախոսազրույց՝ իրավիճակին լուծում տալու համար:
«Կուտակումներն իրապես և՛ Հայաստան-Վրաստան սահմանին են, և՛ Լարսի անցակետում, և՛ Վրաստանի տարածքում: Կարծում եմ՝ մոտակա ժամանակ պետք է խաղի կանոններ սահմանենք, որպեսզի բեռնափոխադրումները որևէ կերպ չտուժեն: Այս խնդիրները կարգավորելու համար մենք ամենօրյա կապի մեջ ենք վրացի և ռուս գործընկերենրի հետ», - ասաց Ավինյանը: