25/03/2020 20:16
Թուրքիայում 20 մարդու մեղադրել են սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության համար (Интерфакс)
Թուրքիան 20 մարդու մեղադրել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Ստամբուլի դատախազությանը:
Ըստ դատախազության՝ սպանությանը մասնակցելու համար մեղադրվողների թվում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սաուդ ալ-Կախթանիի նախկին խորհրդականն ու Սաուդյան հետախուզության ղեկավարի նախկին տեղակալ Ահմադ ալ-Ասիրին, որոնք, ինչպես նշվում է մեղադրական եզրակացության մեջ, «հրահրել են դիտավորյալ սպանություն՝ հրեշավոր կանխամտածվածությամբ»:
Մնացած 18-ը մեղադրվում են սպանությունն իրականացնելու համար:
Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ մեղադրանքները հիմնված են կասկածյալների բջջային հեռախոսների վերլուծության, նրանց Թուրքիա մուտքի և երկրից դուրս գալու վերաբերյալ տեղեկատվության, հյուպատոսարանում նրանց գտնվելու մասին տեղեկատվության, վկաների ցուցմունքների վրա, նաև՝ Հաշուքջիի բջջային հեռախոսից, նոութբուքից և iPad-ից ստացված տեղեկատվության վրա:
Լրագրող Հաշուքջին, որն աշխատում էր «The Washington Post»-ի համար, սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում՝ Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում: Լրագրողի մարմինն այդպես էլ չի գտնվել:
Այս գործի քննությունը առանձին անցկացնում են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իշխանությունները: