25/03/2020 19:24
Արտակարգ դրությունը ճանաչվել է ֆորս մաժոր. սպառողների էլեկտրականության, գազի ու ջրի մատակարարումը չի դադարեցվի՝ նույնիսկ չվճարելու դեպքում. ՀԾԿՀ
Արտակարգ դրության ընթացքում մատակարար ընկերությունները չեն կարող դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը՝ վճարման պարտավորության չկատարման դեպքում, հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
«Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։
Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից», - ասված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրությունում: