25/03/2020 19:57
Ֆանտաստիկ ֆիլմերը սկսում են իրականություն դառնալ. Լատվիական օնլայն կինոթատրոնն այս օրերին ցուցադրում է հայ ռեժիսոր Մաննեի ֆիլմը (Տեսանյութ)
Քանի որ կորոնավիրուսով պայմանավորված՝ աշխարհում մշակութային կյանքը մշակութային օջախներում կանգ է առել, հանրությունը հնարավորություն է ստացել արվեստի հետաքրքիր ու բացառիկ նմուշներին ծանոթանալ օնլայն հարթակում: Ինչպես ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիք. գեղանկարներ, թանգարանային հազվագյուտ նմուշներ, օպերա, թատրոն, կինո՝ բոլորը մեկ հարթակում են՝ համակարգիչ կոչվող փոքրիկ արկղիկի մեջ՝ օնլայն տիրույթում:
Երիտասարդ ռեժիսոր Մաննեի «Ճայը» ֆիլմը, որը շուրջ երկու տարի է՝ շրջում է միջազգային տարբեր կինոփառատոններում ու հաջողությունների հասնում, այս օրերին տեղ է գտել լատվիական «Artdoc.media» օնլայն կինոթատրոնում:
Էքսպերիմենտալ այս ֆիլմը պատմում է մարդու կողմից գիտական նվաճումները ոչ ճիշտ օգտագործելու մասին: Թռիչքը կարող է մի օր կործանարար լինել Երկիր մոլորակի համար: Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորը նկատեց՝ ֆանտաստիկ ֆիլմերը սկսում են իրականություն դառնալ:
«Շատերը հարցնում էին՝ ե՞րբ է այն տեղադրվելու համացանցում: Միշտ պատասխանում էի, որ շուտով, բայց դա, ցավոք, ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Կորոնավիրուսը դարձավ առիթ, որ կիսվենք ֆիլմով, քանի որ մեկը մյուսի հետևից չեղարկվում էին փառատոները: Ֆիլմն օնլայն հարթակում տեղադրելու նպատակն է՝ օգտակար լինել հանդիսատեսին, ով այս դժվար օրերին մնում է տանը և ժամանակն օգտագործում նաև ֆիլմեր նայելով… Չգիտեմ, կա՛մ իսկապես վատ ժամականերում ենք ապրում, կա՛մ մեր երևակայությունն ու մարդկային բնազդի վախերում ենք: Ֆանտաստիկ ֆիլմերը սկսում են իրականություն դառնալ: Բայց ասեմ, եթե երկու տարի առաջ չնկարեի այս ֆիլմն, ապա այս տարի նույն սցենարը կգրեի», - նշեց ռեժիսորը:
Ֆիլմի պրոդյուսերն Արարատ Գրիգորյանն է: Ռեժիսորն ու նա այժմ աշխատում են նոր ֆիլմի սցենարի վրա:
Մաննեի «Ճայը» ֆիլմը կարող եք դիտել հղումով: