25/03/2020 14:55
Ջրամատակարարումը Հայաստանում իրականացվում է համաձայն գրաֆիկի
Ի կատարումն ՀՀ Պարետատան կարգադրության՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգը նույնպես նվազագույնի է հասցնում ուղղակի շփումները հանրության հետ: Շատ ծառայությունների մատուցումը ժամանակավորապես հետաձգվում է. ոչինչ, իրավիճակը շտկվելուց հետո համատեղ ուժերով արագորեն կլուծվեն առաջացած խնդիրները: Սակայն ջրամատակարարման հետ առնչվող ստորաբաժանումները շարունակում են գործել կանոնավոր, շուրջօրյա ռեժիմով:
Ինչպես տեղեկացնում է ընկերության Տեխնիկական տնօրինության Կենտրոնական կարգավարական խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը, ներկայումս որևէ խնդիր համակարգում չկա, ջրարտադրությունն աղբյուրներում այս պահին կազմում է 16205 լիտր վայրկյանում, հայտարարված գրաֆիկն ապահովվում է ամենուր:
Ջրաղբյուրներ, պոմպակայաններ, քլորակայաններ, կարգավարական ծառայություններ, 185 հեռախոսային կենտրոն, շահագործման տեղամասեր… Ամենուր աշխատանքը շարունակվում է հաստատված կարգով: Հեռախոսազանգերը ընդունվում են, վթարները վերացվում են ժամանակին: Այս օրերին, առավել քան նախկինում, համակարգի աշխատակիցները գիտակցում են իրավիճակի լրջությունն ու իրենց պատասխանատվությունը հանրության առջև: Անգամ նրանք, ովքեր անցել են հեռահար աշխատանքի, ամեն պահի կարող են մեկնել հավանական պատահարի վայր:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատում է արտակարգ պայմաններում՝ պատրաստ ամեն վայրկյան արձագանքելու առաջացող մարտահրավերներին: