26/03/2020 10:00
«Փաստ». ԱԺ շարքային օրակարգ՝ առանձնապես ոչ շատ մեծ նշանակություն ունեցող հարցերով
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ հերթական քառօրյան, որը, չնայած երկրում ստեղծված դրությանը, այնուամենայնիվ շարունակում է իր աշխատանքները։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանում անհետաձգելի հարցեր են կուտակվել, և իշխանությունները ձեռնամուխ են եղել այն քննարկել արտակարգ ռեժիմի պայմաններում։ Սակայն, որքան էլ զարմանալի թվա, ուսումնասիրելով ԱԺ օրակարգը, տեսնում ենք, որ շարքային օրակարգ է ու առանձնապես ոչ շատ մեծ նշանակություն ունեցող հարցերով։
Իհարկե, պետության համար կարևոր է ցանկացած հարց, սակայն հազիվ թե օրակարգում կային այնպիսի հարցեր, որոնք չէին կարող սպասել գոնե 2 շաբաթ: Ավելին, նաև այնպիսի տպավորություն է, որ օրակարգը հագեցվել է արհեստականորեն՝ ընդամենը քառօրյայում քննարկվող հարցեր ունենալու նպատակով։
Հավելենք, որ քննարկումներն անցնում են հիմնականում «իմիջիայլոց»։ Ի դեպ, քննարկումներում փորձում են որոշակի արհեստական ակտիվություն ապահովել իշխանական պատգամավորները, ինչը ևս համապատասխանում է ժանրի կանոններին։ Սակայն, չնայած այդ ամենին, օրակարգը երկու օրում սպառվեց»: