26/03/2020 21:47
Քաղաքացիները հավասար իրավունքներ չունե՞ն, ինձ տուգանում են, իրեն՝ ո՞չ. տնից առանց ձևաթղթի դուրս գալու համար Մարինա Թագակչյանին տուգանել են
Պայմանավորված կորոնավիրուսով՝ մարտի 24-ի կեսգիշերից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակվեց մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Շրջանառության մեջ մտավ արտակարգ դրության պայմաններում օգտագործվող ձևաթուղթ. յուրաքանչյուր քաղաքացի ամեն անգամ տնից դուրս գալիս պետք է լրացնի այդ թերթիկը՝ նշելով անուն, ազգանուն, հայրանունը, դուրս գալու և վերադարձի ժամը, գնալու վայրն ու նպատակը: Թերթիկի հետ մեկտեղ պարտադիր պետք է լինի անձը հաստատող փաստաթուղթը:
Որոշման հաջորդ օրվանից սկսած՝ պարետի հանձնարարությամբ ոստիկանության ուժերը հանրապետությունում սկսեցին իրականացնել հսկողություն, որի ընթացքում մինչ այսօր հարյուրավոր արձանագրություններ են կազմվել:
Քիչ առաջ ֆեյսբուքյան էջում իր տուգանվելու մասին հայտարարեց նաև երգահան Մարինա Թագակչյանը, ով Էրեբունի վարչական շրջանում առանց ձևաթղթի տնից դուրս գալու համար տուգանվել է, իր խոսքով, 150-ից 250 հազար ՀՀ դրամի չափով:
Գնացել էի մեր շենքի հարևանությամբ գտնվող սուպերմարկետ, հեռավորությունը մոտ 100 մետր է: Խանութից նոր էի դուրս եկել, դիմակով էի, ինձ մոտ էր անձնագիրս, սակայն լրացրած թերթիկը մոռացել էի տանը: Նրանց ներկայացրեցի անձնագիրս, բայց թերթիկն էին պահանջում: Քանի որ չունեի, սկսեցին արձանագրություն կազմել. 3 ոստիկան 45 րոպե արձանագրություն էին կազմում, ես էլ իմ կատարած գնումներով կանգնել, սպասում էի, թե երբ են ավարտելու», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգահանը:
Նա ընդգծում է՝ ուրախ է, եթե օրենքը ձևական բնույթ չի կրում ու կիրառվում է, սակայն նույն տարածքում նույն պահին բազմաթիվ մարդիկ առանց դիմակի գնում ու գալիս էին, հնարավոր է՝ իրենց մոտ անձնագիր էլ չկար, բայց որևէ մեկին ոստիկանները չկանգնեցրեցին ու փաստաթուղթ չպահանջեցին: Այսինքն, թեև օրենքը կա, բայց տպավորություն է, որ ոստիկաններն ուղղակի որոշել են վերադասներին թվեր ներկայացնել՝ ցույց տալով, թե աշխատում են:
«Ամբողջ Էրեբունիի տարածքում այդ երեք հոգին են: Չնայած իրենք ասում էին, թե 100 մետրը մեկ՝ իրենց գործընկերները կանգնած են, բայց ես շրջել եմ, նկարել եմ, ամբողջ տարածքում որևէ ոստիկան չկա, տասնյակներով մարդիկ էլ խանութ են գնում, ինչ-որ տեղ շտապում: Հարցնում եմ՝ ինչո՞ւ եք հենց ինձ թիրախավորել: Իմ հորդորով մի կնոջ կանգնեցրեցին, ինքն էլ թերթիկ չուներ, ասեց՝ վայ տղա ջան, չգիտեի: Թողեցին՝ գնաց… Այսինքն, քաղաքացիները հավասար իրավունքներ չունե՞ն, ինձ տուգանում են, իրեն՝ ո՞չ: Ի՞նչ սկզբունքով են ընտրում՝ ում կանգնեցնել, տուգանել՝ չգիտեմ», - նշեց մեր զրուցակիցը:
Մարինա Թագակչյանն արձանագրությունը չի կարդացել: Ասում է՝ շտապում էր տուն՝ երեխաների մոտ, միայն հարցրել է՝ որքան է կազմելու տուգանքը, պատասխանել են՝ 150-ից 250 հազար դրամ:
«Իհարկե, եթե պահանջեն, ես այդ գումարը վճարելու եմ: Ես օրինապաշտ մարդ եմ, բայց եթե իրավահավասարություն չկա դաշտում, դա նորմալ չի: Ինչո՞ւ պետք է թուղթ չունենալն ինչ-որ մեկին ներվի, մյուսին՝ ոչ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց երգահանը:
Նշենք, որ Մարինա Թագակչյանը տեսանկարահանել է իր և ոստիկանների զրույցը, որը հրապարակված է երգահանի ֆեյսբուքյան էջում: