26/03/2020 17:10
Արդարադատության նախարարությունը մերժել է ԼՀԿ առաջարկը՝ հարկադիր կալանքի տակ դրված միջոցները կոմունալ ծառայությունների դիմաց օգտագործելու վերաբերյալ
Ինչպես հավանաբար հիշում եք, օրեր առաջ դիմել էի ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ առաջարկելով, որ 2 ամիս ժամանակով կալանքից հանվեն հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Այդ միջոցներով արտակարգ դրության և համաճարակի հետևանքով ֆինանսական վատթար դրության մեջ հայտնված քաղաքացիները կկարողանային վճարել կոմունալ ծառայությունների դիմաց ու կատարել այլ առաջնային ծախսեր։
Ինձ է փոխանցվել նախարարի պատասխանը, ըստ որի՝ նախարարը մերժել է այդ առաջարկությունը՝ իհարկե իրավացիորեն մեջբերելով գործող իրավակարգավորումները, որոնք խոչընդոտում են այդ առաջարկի իրագործմանը։
Բնականաբար, նշված կարգավորումներին մենք ևս քաջատեղյակ ենք, սակայն քաղաքական կամքի առկայության պարագայում հնարավոր կլիներ լուծում գտնել նաև այդ խնդրին։
Մյուս կողմից, նշվում է, որ առաջարկի ընդունումը կհանգեցնի մյուս կողմում հանդես եկող պարտատիրոջ իրավունքների խախտմանը (այս մասով շեշտենք, որ մեր առաջարկը, բնականաբար, վերաբերում էր միայն վարչական տուգանքներին, այլ ոչ թե մասնավոր իրավահարաբերություններին)։
Այսինքն, կառավարությունն ի շահ քաղաքացիների այս մասով չի ցանկանում գնալ զիջումների, որոնք շատ ավելի արագ կհասնեին իրենց հասցեատերերին և կծառայեին իրենց նպատակին, քան այն փաթեթը, որի կիրառմանը դեռ սպասում ենք»։