26/03/2020 13:24
Խուճապի մատնվելու առիթ չկա, բանկային համակարգն ամուր հողի վրա է. պատգամավոր
Վարկերից բացի՝ պետության կողմից նաև ուղիղ օժանդակության ձևեր են լինելու, այսինքն՝ անհատույց օգնություն: Եթե բիզնեսը գտնում է, որ ժամանակավոր դժվարություն ունի և համոզված է, որ վաղը իր գործը շարունակելու է, մեծ հաճույքով վարկ կվերցնի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Արդեն կան մեծ թվով տնտեսվարողներ, որոնք ամեն օր հետաքրքրվում են, թե վերջնական որոշումը երբ է կայացվելու, որ իրենք այդ գումարներից օգտվեն: Իրենց մոտ առայժմ ազատ միջոցներ չկան, և պետությունն ասում է, որ այդ ազատ միջոցները կտա: Դա արտոնյալ պայմաններով վարկ է, ռիսկի մի մեծ մասն այս դեպքում պետությունը վերցնում է իր վրա», - ասաց պատգամավորը:
Անդրադառնալով բանկերում ավանդներ ունեցող քաղաքացիների անհանգստությանը՝ Բաբկեն Թունյանը հավաստիացրեց, որ խուճապի մատնվելու առիթ չկա, բանկային համակարգն ամուր հողի վրա է:
«Այնպես որ, մարդիկ կարող են հանգիստ խղճով իրենց գումարները թողնել բանկային համակարգում», - ասաց բանախոսը: