27/03/2020 14:08
Հրապարակվել է տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը. Ավինյան
Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։
Սահմանել ենք նաև կուտակումների բացառման, հաճախորդներին դիմակներով սպասարկելու, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անվտանգության ապահովման և այլ պահանջներ։
Խնդրում եմ եղեք զգոն ու աչալուրջ՝ հանուն բոլորիս առողջության և անվտանգության», - գրել է Ավինյանը: