27/03/2020 17:41
Փորձագետները նախազգուշացնում են՝ երեք ամսից նավթը պահելու տեղ չի մնա (Интерфакс)
Աշխարհը պահանջարկ չունեցող նավթի պահման համար ազատ տարածությունների սպառման եզրին է: Դրանք կսպառվեն ընդամենը երեք ամսում, կարծում են արդյունաբերության փորձագետները, որոնց մեջբերում է «Bloomberg»-ը:
«IHS Markit» խորհրդատվական ընկերության տվյալներով՝ առաջարկի և պահանջարկի ներկայիս տեմպը նշանակում է, որ պահուստները 2020 թվականի առաջին կիսամյակից հետո կաճեն 1,8 միլիարդ բարելով: Հաշվի առնելով, որ միայն մոտ 1,6 միլիարդ բարել պահեստային հզորություն դեռ առկա է, արտադրողները ստիպված կլինեն կրճատել արտադրողականությունը, քանի որ մինչև հունիս նավթը պահելու տեղ չի մնա:
Նավթի շուկայում պահանջարկի անկում է՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Սաուդյան Արաբիան որոշել է ավելացնել արտադրությունը և մեծ զեղչեր կիրառել նավթի համար՝ ՕՊԵՔ+ կոալիցիայի փլուզումից հետո:
Մարտի 26-ին Պակիստանն արգելել է նավթի և վառելիքի ներմուծումը, քանի որ դրա պահպանման օբյեկտները լցված են: Աշխարհի առաջատար թրեյդերներից երկուսը՝ «Vitol Group»-ն ու «Gunvor Group»-ը նշել են, որ պահպանման հետ կապված մեծ հետաքրքրություն կա, մինչդեռ մի քանի առևտրականներ պատվիրել են սուպերլցանավեր՝ նավթը ծովում պահելու համար:
Երկրորդ եռամսյակում առաջարկը կարող է գերազանցել պահանջարկն օրական 12,4 միլիոն բարելով, ընդ որում, այլ թրեյդերներ, բանկեր և խորհրդատուներ նույնպես կանխատեսում են զգալի գերազանցում: Չորեքշաբթի «Vitol»-ը հայտարարել է, որ անցած տարվա համեմատ պահանջարկը նվազել է օրական 20 միլիոն բարելով:
«Արտադրությունը պետք է կրճատվի կամ նույնիսկ դադարեցվի: Այժմ միակ հարցն է՝ որտեղ և որքանով», - ասել է IHS-ի նավթի շուկաների հարցով վարչության ղեկավար Ջիմ Բուրհարդը: