27/03/2020 13:07
Հայ ռեստորատորները կառավարությունից աջակցության փաթեթ են ակնկալում. որոշ ժամկետով եկամտահարկի, տոկոսների վճարման սառեցում, անտոկոս վարկի ստացում
«Ռեստորանների հայկական միությունը» հանդես է եկել հայտարարությամբ.
Հյուրընկալության ինդուստրիայի մաս կազմող հանրային սննդի ոլորտի կայացումը որպես բարձրակարգ հանրային սպասարկման ծառայություն տևել է տասնամյակից ավել՝ ստեղծելով տասնյակ հազարավոր միջին և բարձր վարձատրվող աշխատատեղեր, լինելով այն եզակի ոլորտներից, որը հիմնական զբաղվածություն է ապահովում սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչներին (մասնագիտական կրթություն չպահանջող հաստիքներում՝ մաքրուհի, սպասք լվացող, բանվոր, մատուցող և այլն) և դառնալով Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնող բիզնես բնագավառ:
Հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունները կորոնավիրուսի համաճարակի ՀՀ-ում տարածման և ապա արտակարգ դրության առաջին իսկ օրերից հաշվի են առել հանրային շահերի առաջնահերթությունը և շարունակել օրինապաշտորեն կատարել իրենց սոցիալական և հարկային պարտավորություններն ու նաև իրականացրել բարեգործական նախագծեր՝ աջակցելով համաճարակից առավել տուժած մեր հայրենակիցներին։
Ստեղծված ճգնաժամից ոլորտը և հարակից սպասարկման ծառայությունները նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումներ առաջարկելու համար Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ և սրճարաններ համախմբող ՌՀՄ-ն նախաձեռնել էր հանդիպումներ պետական պատկան մարմինների և կառավարության ներկայացուցիչների հետ, առաջարկելով հետեվյալը՝
1․ Հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա և երկրորդ եռամսյակի շրջհարկի եվ եկամտահարկի վճարումը։
2. ԿԲ-ի կողմից ցուցաբերել առավելագույն միջամտություն՝ չեղարկել ոլորտի ձեռնարկությունների վարկային միջոցների գոյացրած տոկոսները մարտ ամսի և երկրորդ եռամսյակի ընթացքում։
3. Քննարկել ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտության դեպքում արտոնյալ պայմաններով, անտոկոս վարկերի տեսքով կանխիկ դրամահոսքի ապահովման հնարավորությունը։
4. Ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը (աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է պարապուրդի ժամանակ աշխատողների վճարումը. աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը):
Ցավոք, Կառավարության կողմից մարտի 26-ին ընդունված եվ հրապարակված՝ «Տնտեսվարողներին աջակցության միջոցառումներ» փաթեթները չեն պարունակում ներկայումս ճգնաժամի մեջ գտնվող հանրային սննդի և սպասարկման այլ ծառայությունների ոլորտին սատարող որոշումներ հետևյալ պատճառներով՝
1. Կորոնավիրուսի պատճառով փակված և չգործող, շահույթ չստացող ձեռնարկությունները չեն կարող ներգրավել վարկային միջոցներ, այսպիսով էլ ավելի մեծացնելով վարկային բեռը և ֆինանսական պարտավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում չեն կարող կատարել
2. Կառավարությունն առաջարկում է տոկոսով վարկ տրամադրել իր հանդեպ հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ հոգ չտանելով այն մասին, թե ինչպես է պարտքերի մեջ հայտնված և շահույթ չունեցող բիզնեսը հետագայում ևս կատարելու իր պարտավորությունները
3. 5-րդ փաթեթով նախատեսված մեկանգամյա դրամաշնորհը, որը փաստացի կազմում է յուրաքանչյուր աշխատակցի համար մեկ ամսվա աշխատավարձի մինչև 20% -ը, չի կարող լուծել նույնիսկ կարճաժամկետ սոցիալական խնդիրներ, որի բեռը, փաստորեն, կրկին մնում է չաշխատող բիզնեսի վրա։
Ելնելով վերը նշյալից՝ կոչ ենք անում Կառավարությանը ևս մեկ անգամ դիտարկել մեր առաջարկները, որոնք միտված են ապահովել ոլորտի նվազագույն կենսունակությունը, ճգնաժամից դուրս գալու հնարավորությունն ու հետճգնաժամային զարգացումը։