27/03/2020 13:41
Հայկ Մարությանը շնորհավորել է թատրոնի տոնի կապակցությամբ
Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է, որը հայ թատերական հասարակությունը սովորաբար համատեղում է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հետ: Այս տարի, կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված Արտակարգ դրությամբ պայմանավորված, միջոցառումը հետաձգվել է:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տոնի կապակցությամբ շնորհավորել է թատերարվեստի գործիչներին՝ տեղեկացնելով, որ տոնական միջոցառումը կկայանա ավելի ուշ:
«Թատրերարվեստի սիրելի գործիչներ, շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Ուրախ եմ նշել, որ մշակութային Երևանի նոր կերպարի կերտման հարցում մենք անցած շրջանում զգալի գործ ենք կատարել: Վերջերս մեծածավալ վերանորոգման աշխատանքներ իրականացրեցինք Երևանի պետական դրամատիկական թատրոնում, մյուս թատրոններն այս տարի ևս սպասում են իրենց հերթին. Երևանի թատերական օջախները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ:
Ինչպես հայտնի է, նախատեսել էինք մարտի 27-ին ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը Հայաստանի թատերական գործիչների միության հետ միասին անցկացնել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախապատրաստական աշխատանքները ըստ էության ավատված են, ամեն ինչ պատրաստ է տոնի համար, և պատեհ ժամանակ մենք կհայտարարենք մրցանակաբաշխության անցկացման նոր ժամկետը և կկարողանանք արժանվույնս գնահատել 2019-ի լավագույն աշխատանքները:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ թատրոնի մարդկանց մասնագիտական տոնը և ստեղծագորածկան նոր վերելքներ մաղթում», - իր ուղերձում նշել է քաղաքապետը: