28/03/2020 09:48
«Ժողովուրդ». ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ բանկերից մի քանիսը սպառնալիք պարունակող նամակներ են ստացել, որով նրանցից պահանջել են կոնկրետ գումար փոխանցել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ փետրվարի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Ազգային անվտանգության ծառայություն և հաղորդում տվել հանցագործության մասին: Մասնավորապես, բանկը ԱԱԾ-ին ներկայացրել է տեղեկություն, որ փետրվարի 12-ին բանկի պաշտոնական էլ.փոստին ոմն Ալի Մուսսան նամակ է ուղարկել: Իսկ ի՞նչ է գրված եղել նամակում:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Մուսսան, ով ներկայացել է Կովկաս Միացյալ Վիլայաթի անունից, սպառնացել է, թե իրենց կողմից մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը, և եթե մոտակա օրերին բանկը չկատարի 245 միլիոն 533 հազար 490 դրամին համարժեք փոխանցում, ապա շատ արյուն կթափվի, իսկ այնուհետև կսկսվի որս նրանց երեխաների նկատմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձել է պարզել Ազգային անվտանգության ծառայությունից, որտեղից ի պատասխան՝ միայն հաստատել են տեղեկությունը` նշելով, որ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե նախաքննությունը շարունակելու համար: