28/03/2020 15:01
Ադրբեջանն արգելել է իր քաղաքացիների վերադարձը. բազմաթիվ բարոյալքված զինծառայողներ մտորում են անցնել հայկական կողմ
Համաձայն ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի տարածած տեղեկատվության, Նախիջևանի մաքսային կոմիտեին հանձնարարվել է կասեցնել Ադրբեջանի քաղաքացիների մուտքը Թուրքիայից Սադարակի անցակետով, ովքեր այնուհետև պետք է Նախիջևանի միջազգային օդանավակայանից մեկնեին Բաքու: Բացի այդ, արգելվել է նաև օտարերկրյա քաղաքացիների մուտքը Նախիջևան, բոլոր տեսակի ավտոմեքենաների մուտքերն ու ելքերը ևս:
Թուրքիայում կորոնավիրուսի տարածման արագ տեմ¬պերով պայմանավորված, Նախիջևանի ղեկավարությունը՝ կիրառելով արտակարգ միջոցներ, արգելափակել է Ադրբեջանի քաղաքացիների վերադարձը հայրենիք, այդպիսով վերջիններիս դնելով անելանելի դրության մեջ և փաստացի հրաժարվել նրանցից:
Այդ քաղաքացիների շարքերում են նաև ադրբեջանցի զինծառայողների ընտանիքների անդամներ՝ մայրեր, քույրեր, մանկահասակ երեխաներ:
Սակայն Ադրբեջանի նման ավտորիտար երկրում տվյալ խրթին խնդրի բարձրաձայնումը ընդունված չէ: Դժվար չէ պատկերացնել տվյալ անելանելի և ձայնազուրկ վիճակում հայտնված զինծառայողների հոգեբանական վիճակը. մի կողմից ադրբեջանական բանակում COVID-19 վիրուսի անխոչընդոտ տարածումը, մյուս կողմից նրանց հարազատների «գաղութացումը» օտար երկրում, որտեղ անգամ ֆիզիկապես չեն հասցնում լուծել սեփական բնակչության համաճարակից պաշտպանելու խնդիրը:
Ըստ տեղեկությունների՝ բազմաթիվ բարոյալքված ադրբեջանցի զինծառայողներ անգամ մտորում են թողնել մարտական դիրքերը և անցնել հայկական կողմ՝ հայցելով Հայաստանի իշխանությունների օգնությունը:
Տեղեկություններ կան նաև, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին: Այն բանից հետո, երբ ադրբեջանական պաշտոնական թերթերը կոչ են արել նրանց չվերադառնալ հայրենիք, նրանց կողմից սոցիալական ցանցերում մեկնարկել է «մենք բեռ չենք» ֆլեշմոբը՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին: Վերջիններիս խոսքերով՝ «իրենք հարկատուներ են և Ադրբեջանի լարժեք քաղաքացիներ, այլ ոչ թե բեռ»: Չնայած այս ամենին, Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես հերքեց տվյալ տեղեկատվությունը, սակայն փաստերը այլ բանի մասին են խոսում:
Այսպիսին է ներկայիս քաոսային իրավիճակը Ադրբեջանում և իշխանությունների սին հայտարարություններն ու խոստումներն այլևս հավատ չեն ներշնչում Ադրբեջանի քաղաքացիներ մոտ: