28/03/2020 11:55
Հեռավար կրթության կազմակերպելու համար այս պահին առնվազն 21․000 սարքի պակասի կա․ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել ավելորդ համակարգիչ կամ խելախոս ունենալու դեպքում դրանք նվիրել հեռավար կրթությունը ապահովելուն։
Նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է․
✅Հեռավար կրթության կազմակերպման այս պահի ամենամեծ խնդիրներից մեկը աշակերտների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսի շրջանում սարքերի բացակայությունն է: Ներկայիս դրությամբ խոսքն առնվազն 21,000 սարքի պակասի մասին է (համակարգիչներ, պլանշետներ, խելախոսներ` սմարթֆոններ):
✅Ինչպես արդեն հայտարարել եմ, սույն հարցով դիմել ենք և դիմում ենք շատ կազմակերպությունների և անհատների, ու արդեն ունենք արդյունքներ: Նվիրաբերված բոլոր համակարգիչները կամրագրվեն համակարգչի կարիք ունեցող ուսուցչի կամ աշակերտի դպրոցի հաշվեկշռում: Արտակարգ դրության ավարտից հետո դրանք ենթակա կլինեն վերադարձի դպրոցներ և օգտագործման դասապրոցեսում աշակերտների կողմից:
✅Սկսած կիրակի՝ մարտի 29-ից ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն (10:00-15:00՝ կազմակերպությունների համար, 15:00-18:00՝ անհատների համար) Երևանի Հանրապետության փողոց 73 հասցեում՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տարածքում կբացվի ընդունման կետ: Ընդունման կետը կգործի նաև հաջորդ օրերին (տեղեկությունների համար գործում է 091-20-29-60 հեռախոսահամարը): Կարևոր է, որ ընդունման կետ գալիս արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկի «այցելության նպատակ» բաժնում նշեք «սարքի նվիրաբերում»: