28/03/2020 21:41
Կազմակերպվել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ 15 քաղաքացու և Այովա նահանգում սովորող 3 ուսանողի վերադարձը Հայաստան
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ՝ տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն համավարակի համատեքստում տիրող իրադրության, Հայաստան վերադառնալու հնարավոր չվերթների, ԱՄՆ-ի և տարանցիկ երկրների կողմից կիրառվող կարգավորումների և սահմանափակումների վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Դեսպանության աջակցությամբ հնարավոր է եղել կազմակերպել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ քաղաքացիներից բաղկացած 15 հոգանոց խմբի և Այովա նահանգում սովորող 3 ուսանողների վերադարձը Հայաստան՝ նրանց ապահովելով նաև առողջապահական անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Դեսպանության հետ մշտական կապի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող տարաբնույթ հարցերին տեղում տրվել են և՛ հյուպատոսական, և՛ խորհրդատվական, և՛ ֆինանսական լուծումներ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև ամերիկահայ համայնքի ռեսուրսը:
Հայտնում ենք, որ վերջին օրերին դեսպանության հետ կապ է հաստատել 18 ուսանող, որոնցից 12-ը ցանկություն էր հայտնել վերադառնալ ՀՀ: Վերջիններիս խորհուրդ էր տրվել անմիջապես ձեռք բերել Լոս-Անջելես-Մոսկվա-Երևան կամ Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքների տոմսեր, քանի որ այդ օրերի դրությամբ դա ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու միակ ուղին էր: Մարտի 27-ից սկսած ՌԴ կառավարության կողմից կիրառված սահմանափակումների պատճառով արգելվեց օտարերկրյա պետությունների քաղաքացիների վերադարձը «Aeroflot» ավիաընկերության միջոցով, ուստի վերոնշյալ ուսանողներից ոմանք չեն կարողացել վերադառնալ Հայաստան: Չնայած դասերի չեղարկված լինելու հանգամանքին՝ դեսպանություն դիմած ուսանողներից որևէ մեկը չի ահազանգել բնակության վայր կամ միջոց չունենալու մասին, բացառությամբ ՀՀ երկու քաղաքացու: Վերջինների խնդրի հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել են:
Նշենք, որ ՀՀ դեսպանությունը նաև կապ է պահպանում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 36 աշակերտների և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ: Հայտնում ենք, որ վերջիններիս առջև ԱՄՆ-ը լքելու պահանջ չի դրվել, ուստի նրանք շարունակում են իրենց կեցությունը հյուրընկալ ընտանիքներում: Վերոնշյալ ծրագրով ԱՄՆ-ում գտնվող միայն մեկ ուսանողի նախապես ծրագրված վերադարձը Հայաստան տեղի չի ունեցել մարտի 27-ի ամսաթվով գնված վերադարձի տոմսի՝ ավիաընկերության կողմից չեղարկվելու պատճառով: Վերջինս չի կարողացել լքել ԱՄՆ տարածքը և այժմ ծրագրի պատասխանատուի կողմից ապահովված է կեցության բոլոր հնարավորություններով:
Միաժամանակ հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ կողմից օդային տարածք մուտքի և օդային հաղորդակցության առնչությամբ կիրառվող սահմանափակումների արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը՝ թռիչքների բացակայության պատճառով: Չվերթների վերսկսման պարագայում դեսպանությունը ջանքեր կձեռնարկի ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցում հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործում:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին անպայման կապ պահպանել դեսպանության հետ, ներկայացնել առկա խնդիրները՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերելու համար: