30/03/2020 13:30
Հետ տարեք այս նախագիծը․ կարևոր գործերը թողած՝ չի կարելի թիթեռ նկարել․ Զոհրաբյանը՝ Բադասյանին
Պարոն նախարար, հետ տարեք այս նախագիծը, ԱԺ-ում արդարադատության նախարարին կոչ արեց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ անձանց հեռախոսազանգերի հավաքագրման հարցին։
Զոհրաբյանն ընդգծեց, որ իշխող խմբակցության պատգամավորների մեծամասնությունը ևս համակարծիք է՝ նախագիծը մտահոգիչ է։ Զոհրաբյանն ընդգծեց, որ նախագիծը զուրկ է ժողովրդավարությունից։
«Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու։ Այն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, այդ ռեսուրսները ծախսեք Հայաստանի բոլոր մուտքերին թեստեր դնելու համար, չաշխատող, օրավարձով աշխատող մարդկանց բեռը թեթևացնելու համար», - ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ ամենամեծ ռիսկը այսօր ԱԺ դահլիճում է, երբ 132 պատգամավոր ժամերով փակված է մի տեղ:
«Եկեք ռեալ բաների մասին մտածենք, ոչ թե վախերի ու ֆոբիաների հետևից գնանք», - ասաց նա։
Բացի այդ՝ Զոհրաբյանն ընդգծեց, որ պարտադիր չէ մարդիկ հեռախոսով պայմանավորվեն հանդիպման մասին:
«Հանդիպումների գերակշիռ մեծամասնությունը, իմ կարծիքով, էքսպրոմտ է տեղի ունենում, կամ՝ «Վօթսափի», «Վայբերի» միջոցով։ Էդ սաղ «կոնտրոլի» տա՞կ եք վերցնելու», - հետաքրքրվեց պատգամավորը։
Անդրադառնալով միջազգային փորձին՝ Զոհրաբյանն ասաց, որ ուսումնասիրել է և ոչ մի երկրում նման փորձ չի տեսել։
«Չի կարելի այդպիսի բան անել։ Իսկ եթե կասկած կունենաք, որ մեկը ռիսկային գոտում է, որևէ մեկը չի խանգարում օպերատորից պահանջել տվյալները և շփման շրջանակները պարզել։ Այս նախագիծն առավել մեծ խուճապ է առաջացնելու, առավել մեծ պրոբլեմներ։ Չի կարելի կարևոր գործերը թողած թիթեռ նկարել», - ասաց Զոհրաբյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին։