30/03/2020 11:50
Խոսքը լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու․ Բադասյան
Արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների միջամտությունը չի ենթադրում գաղտնասլում, ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Խոսքը լսելու մասին չէ, խոսքը հեռախոսազրույց ունենալու փաստի մասին է՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու», - ասաց նա։
ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետքրքրբեց, թե ո՞վ է վերահսկողություն իրականացնելու ԱԱԾ և ոստիկանության նկատմամբ, որպեսզի ապաանձնավորված կոդն անձնավորելու և դրա բովանդակությանը ծանոթանալու փորձերը բացառվեն։
Նախարարը նշեց, որ այդ մարմինների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները չեն փոխվել, իսկ որպես պատասխանատվություն նման դեպքերում գործելու են իրավական կարգավորումներ և անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության։
«Կարծում եմ՝ որևէ մեկի մտքով չի անցնի համաճարակի կանխարգելման նպատակով գեներացված տվյալները որևէ այլ նպատակով օգտագործեը, և դրա մասին խոսելն անգամ ավելորդ է», - ասաց նախարարը։