30/03/2020 11:27
Կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին. Բադասյան
Պանդեմիայի տարածման և կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում, ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Եթե արտակարգ դրութունը առաջացել է համաճարակի հետևանքով, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:
Իհարկե, մեկ անգամ ևս շեշտեմ, որ սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրություն հայտարարելուն: Այսինքն՝ այլ արտակարգ դրությունում միջամտությունն անձնական տվյալների և հաղորդակցման գաղտնիությանը չի ենթադրվում: Սա ավարտվում է արտակարգ դրության ավարտմամբ, և տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամամբ սահմանված մարմիններին», - պարզաբանեց նախարարը:
Ռուստամ Բադասյանը նշեց, որ, մասնավորապես, կատարվելու է հաճախորդի տեղորոշում, ֆիքսվելու են վերջինիս հեռախոսահամարի հետ ուղիղ կամ միջնորդավորված կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցություն սկսելու ամսաթիվը:
«Ուզում եմ շեշտել, որ հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու», - նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ տեղեկատվության ապօրինի օգտագործումը հետապնդվում է օրենքով: