30/03/2020 10:36
Արցախը մարտի 31-ին նոր նախագահ և խորհրդարան է ընտրելու. Ովքեր և ինչ ուժեր են առաջադրված
Մարտի 31-ին Արցախում տեղի կունենան համապետական ընտրություններ: Այդ օրը Արցախում միաժամանակ կընտրեն և՛ երկրի նոր նախագահ, և՛ նոր խորհրդարան: Արցախում համաժողովրդական ընտրությունների միջոցով նախագահի ընտրություն տեղի կունենա արդեն 6-րդ անգամ, իսկ խորհրդարանի՝ 7-րդ:
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր փետրվարի 26-ին և տևել է մինչև մարտի 29-ը:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք, որոնք կպայքարեն խորհրդարանի 33 մանդատի համար:
Մասնակցող կուսակցություններից 6-ը հիմնադրվել են վերջին 2 տարիների ընթացքում և ընտրություններին մասնակցում են առաջին անգամ: Նորաստեղծ կուսակցություններ կան նաև «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» ու «Նոր Արցախ» դաշինքների կազմերում:
Առաջին անգամ խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական ընտրակարգով:
Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Էդուարդ Դադայանը, Բելլա Լալայանը, Մասիս Մայիլյանը և Մելսիկ Պողոսյանը ինքնաառաջադրվել են: Նշենք, որ առաջին անգամ նախագահի պաշտոնի համար առաջադրվել են նաև կին թեկնածուներ:
Կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներն են՝ Դավիթ Բաբայանը՝ առաջադրված Արցախի պահպանողական կուսակցության կողմից, Վահան Բադասյանը՝ առաջադրված «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից, Վիտալի Բալասանյանը՝ առաջադրված «Արդարություն» կուսակցության կողմից, Դավիթ Իշխանյանը՝ առաջադրված ՀՅԴ կողմից, Ռուսլան Իսրայելյանը՝ առաջադրված «Անկախության սերունդ» կուսակցության կողմից, Հայկ Խանումյանը՝ առաջադրված «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից, Աշոտ Ղուլյանը՝ առաջադրված Ժողովրդավարական կուսակցության կողմից և Արայիկ Հարությունյանը՝ առաջադրված «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Միասնական հայրենիք» կուսակցությունը և «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը հայտնել են, որ նախագահական ընտրություններում սատարում են Մասիս Մայիլյանին:
Առաջադրված թեկնածուներից Մասիս Մայիլյանը և Վիտալի Բալասանյանը նախագահական ընտրություններին մասնակցում են երկրորդ անգամ: Առաջին անգամ Մասիս Մայիլյանը մասնակցել է 2007 թվականի ընտրություններին և ստացել ձայների 12.5 տոկոսը, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 2012 թվականին և ստացել ձայների 32.5 տոկոսը: Երկու դեպքում էլ թեկնածուները պարտվել են գործող նախագահ Բակո Սահակյանին:
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Արցախում ընտրության իրավունք ունի 103 506 քաղաքացի:
Նախորդ տարիների արդյունքները ցույց են տալիս, որ Արցախում նախագահական ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը, ըստ միջին վիճակագրության, կազմում է 77.8 տոկոս:
Արցախում նախագահական ընտրություններ վերջին անգամ տեղի են ունեցել մոտ 8 տարի առաջ, ինչը պայմանավորված է 2017 թվականին կայացած սահմանադրական հանրաքվեով: Նոր սահմանադրության ընդունմամբ՝ մինչև 2020 թվականը սահմանվեց անցումային շրջան, և այդ ժամանակաշրջանի համար երկրի նախագահ ընտրվեց խորհրդարանի պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ:
Ինչ վերաբերում է այս օրերին աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին և դրանով պայմանավորված հնարավոր ռիսկերին, ապա ըստ ԿԸՀ հայտարարության, Արցախում պետական մակարդակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, համաճարակային կայուն վիճակը պահպանելու և համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով, ձեռնարկվել են մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ, համաձայն որոնց, տեղամասային կենտրոններում գտնվողները ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը Արցախի Հանրապետության բոլոր պետական բուժհիմնարկները շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն:
Նշենք, որ ընտրությունները լուսաբանելու նպատակով Արցախից, Հայաստանից և միջազգային ԶԼՄ-ներից հավատարմագրվել են 37 լրատվամիջոց՝ 197 ներկայացուցչով:
Ինչ վերաբերում է դիտորդական հայտ ներկայացրած կազմակերպություններին, ապա դրանք 15-ն են՝ 904 դիտորդով, ինչը ԿԸՀ բնութագրմամբ նախորդ ընտրությունների համեմատ ռեկորդային է: