30/03/2020 12:55
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դեւեջյանի մահվան մասին։
Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը:
Պատրիկ Դևեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»: