31/03/2020 22:48
Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը
Ազգային ժողովին այսօր երրորդ արտահերթ նիստից հետո միայն հաջողվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 71 կողմ ձայներով, ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագիծը դեռ երեկ էր առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել Ազգային ժողովում, մինչդեռ այսօր՝ երկրորդ ընթերցման ժամանակ, ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը, իսկ իշխանական պատգամավորների քանակը՝ 65, չբավարարեց նախագծի ընդունման համար:
Դրանից հետո խորհրդարանը ևս մեկ արտահերթ նիստ գումարեց, որին, սակայն ընդդիմությունը ներկա չէր։
Վերջիններս հայտարարեցին, որ իրենց տեղեկացրել են նիստի սկսվելուց անմիջապես հետո, իսկ իրենք չէին կարող հասցնել խմբակցությանը հավաքել խորհրդարանում։
Նշենք, որ երկրորդ արտահերթ նիստի ժամանակ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միայն խորհրդարանական մեծամասնության մասնակցությամբ։ Խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց նաև երկրորդ ընթերցմանը։