31/03/2020 17:01
Քննարկում ենք կորոնավիրուսի ախտորոշման տեղական թեստերի արտադրության հարցը. նախատեսվում է 100 հազար թեստի արտադրություն. Ավինյան
Կորոնավիրուսի թեստավորումների քանակի ավելացումը մեր գերակա խնդիրներից մեկն է, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ որքանո՞վ է նպատակահարմար, որ ՀՀ բոլոր քաղաքացիները թեստավորվեն։
«Ապրիլի 6-ին մենք ինքնաթիռ ենք ուղարկելու, որը տարատեսակ ու տարաբնույթ սարքավորումների ու մեզ անհրաժեշտ պարագաների թվում նաև 60 հազար թեստ է բերելու Հայաստան», - ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ այս պահի դրությամբ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում են թեստերի տեղական արտադրության հարցը։
«Կարծում եմ՝ հումքի ապահովման առումով մենք նրանց կաջակցենք, ինչպես նաև հենց հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որոնք թեստերն ավտոմատացված ռեժիմով կիրականացնեն։ Այս փուլում, նախնական քննարկումով, նախատեսվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել», - ասաց Տիգրան Ավինյանը։